ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ամերիկյան «Fox 11» հեռուստաալիքի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն ԱՄՆ-ի գլխավոր հեռուստատեսային մրցանակի՝ «Էմմիի» է արժանացել։
Լրագրողը «Human Interests» անվանակարգում հաղթել է «A doll like me» («Ինձ նման մի տիկնիկ») ռեպորտաժի համար: Արաքսյայի ռեպորտաժը նվիրված է Էմի Ջանդրիսևից (Amy Jandrisevits) անունով կնոջը, որը օգնում է ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններով երեխաներին. նրանց համար հատուկ տիկնիկներ է ստեղծում:
Արաքսյան սոցցանցերում մի քանի գրառում է արել և խոստովանել, որ իր հերոսուհուն գտել է «Ինսթագրամ» սոցցանցում, իսկ մրցանակը մեծ պատիվ է իր համար:
«Շնորհակալ եմ բոլորին բարի խոսքերի և բարեմաղթանքների համար։ Այս մրցանակը «Fox» հեռուստաալիքի մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Ես միայնակ չէի հասնի դրան»,- գրել է նա։
Արաքսյան նաև շնորհակալություն է հայտնել Էմի Ջանդրիսևիցին. «Դուք փոխում եք բազմաթիվ երեխաների կյանքը և ստիպում եք նրանց ժպտալ»։
«Էմմի» մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը կայացել է հուլիսի 23-ին Լոս Անջելեսում: Նշենք, որ Արաքսյա Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է այս մրցանակին արժանանում։
Արաքսյան ծնվել է 1982 թվականին Գյումրիում։ 90-ականներին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, և նա մեծացել է Կալիֆոռնիայում։