ՌԱԴԻՈ

Այս տարի ալյուրի արտադրության համար կունենանք 60-70 հազար տոննա ցորեն. Գառնիկ Պետրոսյան

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ցորենի բերքատվության հետ կապված խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այս տարի լավագույն դեպքում մենք կունենանք 60-70 հազար տոննա ցորեն, որը պիտանի կլինի ալյուրի արտադրության համար, իսկ մնացած տարբերությունն էլ պետք է փակվի դրսից ներկրումների հաշվին, ուստի անհրաժեշտ է շատ լուրջ հետևություններ անել ստեղծված իրավիճակից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Նրա կարծիքով` ցորենի բերքատվության հետ կապված հաշվարկները մոտավոր են, սպառման ծավալներն անկասկած կավելանան, իսկ երբ խոսվում է 100 հազար տոննա ցորեն արտադրելու մասին, ապա տեղին է նշել, որ անցյալ տարի այդ մշակաբույսից ստացվել է մոտ 96 հազար տոննա։
«Դժվար է ասել, թե այս տարի հնարավոր կլինի՞ արդյոք ապահովել նույն ցուցանիշը, կամ եթե լավագույն դեպքում ապահովվի, պետք է հասկանալ, որ դա ցորենի բունկերային քաշն է, որի մի զգալի մասը պիտանի չէ ալյուրի արտադրության և հացաթխման համար։ Անհրաժեշտ է շատ լուրջ քայլեր իրականացնել, որպեսզի հացահատիկի ինքնաբավության մակարդակն էականորեն բարելավվի»,– ասաց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ հացահատիկի գինը շարունակ բարձրանում է, ներքին շուկայում ցորենի գինն աննախադեպ թանկ է և դեռ հայտնի չէ, թե միջազգային շուկայում ինչպիսի տատանումներ կլինեն, առավել ևս, որ ուկրաինական ցորենի արտահանման ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում։ Պետրոսյանի համոզմամբ` հացահատիկի քչությունն անկասկած կհանգեցնի պահանջարկի մեծացման ու հետագա գնաճի։
«Անհրաժեշտ է լուրջ ծրագրեր իրականացնել։ Նախ պետք է աշնանացան ցորենի սերմացուի պաշարները համալրել, կտրուկ միջոցներ ձեռնարկել տեղական սերմերի արտադրության ուղղությամբ և հույսը չդնել միայն դրսից ներկրումների վրա։ Եկող տարվա համար հենց այսօրվանից անհրաժեշտ է մտածել պարարտանյութերի ձեռքբերման մասին և ապահովել անհրաժեշտ քանակ»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Ուկրաինական ցորենն արտահանելու համար կպահանջվի առնվազն 8 ամիս
Պետրոսյանի պնդմամբ` պետք է բացառել նախորդ տարվա այն սխալները, որոնք թույլ տրվեցին պարարտանյութերի ներկրման ժամանակ, և պատրաստ լինել աշնանացանին` տեսադաշտում պահելով նաև գարնանացանի հացահատիկային մշակաբույսերի արտադրության համար նախատեսված սերմերի ապահովման հարցը` ստեղծելով համապատասխան պայմաններ ու հնարավորություններ։
Նշենք, որ կանխատեսումների համաձայն` 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով հացահատիկային մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։