ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն և դաշնակիցները Կիևին 25-30 HIMARS և MLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կփոխանցեն։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային փոխանցվող HIMARS-ի և MLRS-ի քանակը։ Այժմ խոսքը 25-30 միավորի և դրանց համար նախատեսված զինամթերքի մեծ քանակի մասին է»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 275 մլն դոլարի հերթական ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին։ Սպասվող մատակարարումները ներառելու են 580 Phoenix Ghost զինամթերք, HIMARS ՀԿՌՀ, 36 հազար հրետանային արկ, 4 հրամանատարաշտաբային մեքենա, հակատանկային սպառազինություն, պահեստամասեր և այլն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Արևմուտքի այն հայտարարությունների մասին, թե իրենք ուզում են կռվել մինչև «վերջին ուկրաինացին», նշել է, որ դա ողբերգություն է ուկրաինական ողջ ժողովրդի համար, «սակայն կարծես թե ամեն ինչ դրան է տանում»։