ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. «Հացահատիկային համաձայնության» շրջանակում ուկրաինական ցորենն արտահանելու համար կպահանջվի մոտ 8-9 ամիս։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նրա խոսքով, այս պահի դրությամբ Ուկրաինայում կա 20 մլն տոննա հացահատիկ արտահանման համար ու ևս 40 մլն տոննա նոր բերքից՝ ընդհանուր 10 միլիարդ դոլար արժեքով։
«Եթե այժմ նավահանգիստներն ապաշրջափակվեն, այդ դեպքում 60 մլն տոննա հացահատիկը հանելու համար կպահանջվի 8-9 ամիս»,-ասել է Ուստենկոն համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։
Եթե նավահանգիստներն այդպես էլ փակ մնան, այդ քանակն արտահանելու համար կպահանջվի մինչև 2 տարի, նշել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ աջակցման վերաբերյալ։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։