ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պղնձի և այլ արժեքավոր մետաղների գները վերջին շաբաթների անկումից հետ աճի նշաններ են ցույց տալիս։ Ինչպես նշում է Financial Post-ը` հղում անելով Reuters-ին, գները մի փոքր աճել են այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք ընկերություններ (այդ թվում՝ Netflix-ը և Tesla-ն) իրենց տարեկան հաշվետվություններում աճ են ցուցադրել, ինչպես նաև այն բանից հետո, երբ Եվրոպայում գազի դեֆիցիտի հետ կապված մտավախությունները մի փոքր թուլացել են։
Բացի այդ, վերջին օրերին մետաղների պահանջարկն աճել է դոլարի փոխարժեքի չնչին նվազման շնորհիվ։ Այս դեպքում դոլարով գնանշվող մետաղները այլ արժույթներ ունեցողների համար ավելի մատչելի են դառնում։
Հուլիսի 15-ին Լոնդոնյան բորսայում պղինձը վաճառվում էր մեկ տոննայի դիմաց 7 հազար դոլարի մակարդակում, այժմ՝ 7400 դոլարից մի փոքր պակաս։ Ապրիլի սկզբին այն կազմել է շուրջ 10500 դոլար։
Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման ծավալներում մեծ մաս է կազմում։