ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կոստրոմայի բնակիչները միասին տոնել են թաթարների ու հայերի տոները` Սաբանտույն ու Վարդավառը։
Ինչպես հաղորդում է «Ռուս» մարզային հեռուստառադիոընկերությունը` Սաբանտույը Կոստրոմայում նշվում է արդեն հինգերորդ անգամ։ Բերքի ավանդական տոնը թաթարների համար տարվա գլխավոր իրադարձություններից է։ Կոստրոմայի Խորհրդային հրապարակում հավաքվել են ոչ միայն մարզաբնակ թաթարները, այլև բոլոր ցանկացողները։ Այստեղ նրանք կարողացել են ուժերը փորձել տոնական զվարճանքներում. պայքարի մտնել ու գերանի վրա նստած կռվել պարկերով։
«Արդեն 12 տարի այստեղ ենք ապրում, թաթարերեն միայն տանն ենք լսում, երբ իրար հետ ենք խոսում կամ մայրիկի հետ հեռախոսով։ Իսկ այստեղ երգում են թաթարերեն, մարդիկ միմյանց հետ խոսում են այդ լեզվով։ Մեղեդիները, երգերը, որոնք այստեղ լսում ենք` փոքր հայրենիքի կարոտն է», – ասում են տոնին մասնակցող Ռենատ և Գուզել Մուհաթմեթշինները։
Վարդավառը Կոստրոմայում նշվում է առաջին անգամ։ Հայաստանում այն գիտեն որպես «ջրոցիի» օր. փողոցներում այս օրը մարդիկ միմյանց ու անցորդներին ջրում են ինչով պատահի` դույլերով, շշերով և ջրային ատրճանակներով։
Տոնը հեթանոսական արմատներ ունի, որոնք մինչև վերջ բացահայտված չեն։ Վարկածներից մեկի համաձայն` այն կապում են սիրո և պտղաբերության Աստղիկ աստվածուհու պաշտամունքի հետ։ Մեկ այլ վարկածով` ամռան շոգին միմյանց վրա ջուր լցնելով՝ աստվածներից անձրև էին խնդրում։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո տոնը սկսեցին կապել Քրիստոսի պայծառակերպության հետ։ Այն նշվում է Զատկից հետո 14-րդ շաբաթը։
Կոստրոմայում ջրի հետևից հեռու գնալու կարիք չկար, այն վերցնում էին քաղաքային շատրվանից ու շփում միմյանց վրա։
«Այս տոնի ժամանակ ընդունված է միմյանց վրա ջուր լցնել։ Բայց ամենակարևորը՝ ոչ ոք չպետք է նեղանա դրա համար։ Մեզ մոտ` Հայաստանում, կարելի է մոտենալ ու ոստիկանին կամ պատգամավորին ջրել, և նա չի բարկանա», – ասում է Կոստրոմայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչ Վագել Հարությունյանը։
Այստեղ` հրապարակում, դեռ չչորացած, կարելի էր պարել հայկական և թաթարական երաժշտության տակ և համտեսել երկու ժողովուրդների ավանդական ուտեստները։