ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ուկրաինական հացահատիկի խնդիրը լուծվելու է Ստամբուլում համակարգման կենտրոն ստեղծելու միջոցով։ Այս մասին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինական հացահատիկին առնչվող հարցերը լուծվելու են Ստամբուլում համակարգման կենտրոն ստեղծելու միջոցով։ Երաշխավորվելու է, որ ուկրաինացիները կականազերծեն իրենց ջրային տարածքներն ու թույլ կտան նավերին դուրս գալ այնտեղից։ Իսկ բաց ծովով ընթանալու ճանապարհին Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ՌԾՈւ-ով կապահովեն դրանց անվտանգությունը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ ռուսական հացահատիկի դուրսբերման առումով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարտավորվել է վերացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կիրառած լոգիստիկ և ֆինանսական շղթաների սահմանափակումները։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ աջակցման վերաբերյալ։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։