Հայաստանը նշում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը

Վարդավառ
Տոնի ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանն այսօր նշում է Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը։
Ըստ ավետարանի՝ Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առջև պայծառակերպվում է: Աշակերտների ապշած հայացքի ներքո Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված սուրբ Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Հիսուս առաքյալներին պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին, մինչև Աստծո որդու փառավորվելը:
Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հուլիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու
Տոնը Հայաստանում նաև Վարդավառ անունով է հայտնի, որի արմատները գալիս են հեթանոսական ժամանակներից: Պահպանվել է նաև ջրի պաշտամունքի ծեսի մի հատվածը, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում: Քրիստոնեության մեջ այդ սովորույթը կապվում է համաշխարհային ջրհեղեղի հետ։
«Վարդավառ» ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը»:
Վարդավառի տոնին հաջորդում է մեռելոցը: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու