Երկրի բնական մարգարիտն ու Կովկասի ամենախոշոր լիճը. Ժաննա Լևինան Սևանում է

Ժաննա Լևինա. Արխիվային լուսանկար
Ժաննան շեշտել է, որ Սևանը պետք է տեսնել սեփական աչքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայտնի պրոդյուսեր և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, որն այս օրերին Հայաստանում է, այցելել է Սևան։ Նա ինստագրամի իր էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել Սևանի մասին։
«Բարձր, բարձր լեռներում կարելի է տեսնել հայկական ծովը։ Սա լեգենդար Սևանա լիճն է։ Երկրի բնական մարգարիտն ու Կովկասի ամենախոշոր լիճը։ Սևանը գեղատեսիլ բնության ու հարուստ պատմության յուրօրինակ համադրություն է։ Այստեղ կարելի է տեսնել բրոնզեդարյա հնագույն ամրոցների ու Ուրարտու պետության ժամանակաշրջանի շինությունների ավերակներ, ինչպես նաև միջնադարյան մի քանի հոյակերտ վանքեր»,- գրել է Ժաննան ու շեշտել, որ Սևանը պետք է տեսնել սեփական աչքերով։
Ավելի վաղ Լևինան այցելել էր Գառնի ու որոշել հայկական լավաշ թխել սովորել։ Նշենք, որ Լևինան հաճախ է Հայաստան այցելում ընտանիքի հետ։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 24 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ` Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։