Ուկրաինայում իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից. ԶԼՄ

Զինծառայող
Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ ռազմական օգնության ցուցաբերումը միայն ձգձգում է հակամարտությունը, իսկ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նույնիսկ եթե կողմերից ոչ մեկը իրավիճակի սրման հատուկ քայլեր չանի, գրում է «Foreign Affairs» ամսագիրը:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդհանուր ցանկությունը՝ խուսափել լայնածավալ բախումից, չի երաշխավորում ուկրաինական իրադրության չկանխամտածված սրման բացակայությունը»,- կարծում են հոդվածի հեղինակները:

Նրանց խոսքով` իրավիճակը կարող է վատթարանալ ներգրավված մասնակիցների մեծ թվի, նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների թուլության պատճառով, որոնք չեն կարողանում կարգավորման միջոց գտնել:
Ընդ որում` ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա է հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում` Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 150-րդ օրը։