Ուկրաինայից հացահատիկի արտահանման միջանցքի բուֆերային գոտու չափը դեռ որոշված չէ. ՄԱԿ

Նավահանգիստ
Բուֆերային գոտու չափը կորոշի համատեղ համակարգող կոմիտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ծովային այն միջանցքի բուֆերային գոտու չափը, որի միջոցով Սև ծովով դուրս է բերվելու Ուկրաինայի պարենամթերքը, առայժմ որոշված չէ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
Հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագրեր են ստորագրվել, ըստ որոնց` վերացվում են արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները, և Ռուսաստանն աջակցում է ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել, որով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Գործընթացը համակարգելու համար Ստամբուլում համապատասխան կենտրոն է ստեղծվելու։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու են և ստուգվելու։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։
ՄԱԿ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ռազմանավերը, ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները, պայմանավորվածության համաձայն, այդ միջանցքին կարող են մոտենալ այնքան, որքան համաձայնեցված կլինի համատեղ համակարգող կենտրոնի կողմից։
«Նրանք դեռ պետք է որոշեն, թե որն է բավարար բուֆերային գոտին, որն է անվտանգ հեռավորությունը՝ յուրաքանչյուր կողմից 1 մղոն, թե 5։ Խոսքը այդ ճանապարհներով նավերի անվտանգ անցումն ապահովելու համար բավարար հեռավորության մասին է»,- նշել է նա։
Միաժամանակ Գրիֆիթսը նշել է, որ Սև ծովով հացահատիկով բեռնված նավերի անցման պայմանավորվածությունը պարտադրանքի մեխանիզմ չի նախատեսում. այն կամավոր է:
Հիշեցնենք` ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։