Ճապոնիան բացառություն չի անի Պուտինի համար

Վլադիմիր Պուտին
Այս պահի դրությամբ Պուտինը դեռ չի հայտարարել, որ մտադիր է մասնակցել Սինձո Աբեի հուղարկավորության արարողությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում բացառություն չի անի և նրան մուտքի արտոնագիր չի տրամադրի Տոկիոյում սեպտեմբերի 27-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է «Մայնիտի» թերթի հոդվածում։
«Կառավարությունն անհրաժեշտ մուտքի արտոնագրի թույլտվություն չի տա, եթե անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը մասնակցելու ցանկության մասին։ Ճապոնիան դադարեցրել է մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք կապված են Ուկրաինա ներխուժելու հետ, և բացառություններ չի անի պարոն Պուտինի համար», - նշում է հոդվածագիրը։
Պուտինը մինչ այժմ չի հայտարարել, որ մտադիր է մասնակցել Սինձո Աբեի հուղարկավորությանը, որի հետ լավ հարաբերություններ է ունեցել։
Ճապոնիան անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և այլոց դեմ:
Երեկ Ճապոնիայի կառավարությունը հաստատել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության օրը․ արարողությունը կկայանա սեպտեմբերի 27-ին Տոկիոյի «Նիպպոն բուդոկան» սրահում: Ենթադրվում է, որ կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ բարձրագույն մակարդակով։
Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ
Հիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից