ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սիրիացի զինվորականները թույլ չեն տվել , որ ամերիկյան զինված ուժերի շարասյունը մտնի Սիրիայի հյուսիս-արևելք։ Տեղեկությունը հայտնում է «Սանա» գործակալությունը:
«Զինվորականները Քամիշլի նահանգի Թել Զահաբ գյուղի անցակետից դուրս են քշել ամերիկյան ԶՈւ 5 զրահամեքենաներից բաղկացած շարասյունը, որը փորձել է գյուղ մտնել»,– ասված է հաղորդագրությունում։
Նման միջադեպերը հաճախակի են դարձել այս ամռանը. սովորաբար գյուղերի բնակիչներն են քայլեր ձեռնարկում, զինվորականներն էլ օգնության են հասնում նրանց։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով: