ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության` Սանոսյանը նախագահին է ներկայացրել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը, մասնավորապես` Սյունիքի մարզի ճանապարհահատվածում տարվող աշխատանքները։
Նախարարը Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև նոր ատոմակայանի կառուցման թեմային, քննարկել առկա հնարավորություններն ու խնդիրները։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Իրան–Հայաստան գիծը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի ավարտը (այս ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է. խմբ.)։ Գիծն անցնելու է Իրանի սահմանից (Մեղրիում) մինչև Սևանի ափին գտնվող Դդմաշեն գյուղ, որտեղ նոր ենթակայան է կառուցվելու։ Շինարարությունը գծի բոլոր հատվածներում իրականացվում է միաժամանակ. սկզբում բետոնվում են հենասյուների համար նախատեսված հիմքերը, այնուհետև տեղադրվում են սյուները, իսկ վերջում բարձր լարման մալուխներն են անցկացվում։