ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հուլիսի 24-ից ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը, ըստ որի` օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. շուրջ 2000 մարզիկ կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից։ Մասնավորապես, դրա մեջ են մտնում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ»,–ասված է հաղորդագրությունում։
Ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ պետական պատվեր է գործում։
Մարզիկների համար գործում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի պոլիկլինիկայում բացված սպորտային բժշկության բաժանմունքը, որը հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքերով: