Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին տեղյակ է Ֆրանսիայի նախագահը. «Հրապարակ»

Մուրադ Փափազյան
Մուրադ Փափազյանն անդրադարձել է Զարեհ Սինանյանի մեկնաբանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես տեղյակ է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Փափազյանն այդ մասին հայտնել է «Հրապարակ» թերթին։
Պարբերականը նրան հիշեցրել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասածը, թե Փափազյանի գործունեությունը բարյացակամ չի եղել Հայաստանի հանդեպ:

«Սինանյանի ասածը իրականությանը չի համապատասխանում: Նա ինքն ասաց, որ չի կարող արտահայտվել բուն պատճառների մասին, թե ինչ պատահեց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղյակ է արդեն: Ստիպված պետք է լինեն պատասխան տալ»,- արձագանքել է Փափազյանը։

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Նա գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ավելի ուշ «Արմենպրեսին» հայտնել էր, թե Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է։ Սինանյանն էլ հայտնել էր, թե դեպքի պատճառների մասին տեղեկություն չունի և ԱԱԾ–ին էլ չի դիմել մանրամասներ իմանալու համար։
ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանություններ տալ Մուրադ Փափազյանին ՀՀ չթողնելու դեպքով