«Առաջին տեղում դհոլն է, երկրորդը կիսում են քանոնն ու դուդուկը, երրորդը՝ թառն ու քամանչան»,- ամփոփելով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները`
Sputnik Արմենիայի եթերում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Լեյլոյանը։
Որպեսզի ժողովրդական նվագարանները մի օր չդառնան թանգարանային նմուշ, նվիրյալ մասնագետները դրա դեմ պայքարում են տարիներ շարունակ` սկսած դժվարին 90-ական թվականներից։ Խնդիրը հաղթահարվեց, երբ ստացավ պետական հովանավորչություն։ Դրան գումարվեց գործիքի կատարելագործումը՝ դարձնելով այն ժամանակին համահունչ։ «Կատարելագործումը բնավ չի նշանակում վերցնել օտարն ու խառնել մեր ազգային կատարողականության հետ։ Մենք այնքան շնորհ ունեցող ազգ ենք, որ կարող ենք ստեղծել, պահել և զարգացնել մերը»,- վստահեցնում է մասնագետը։
Հարցին, թե արդյոք կա՞ երկիր, որը փորձում է գործիքի հայրենիքը վերագրել իրեն, Հասմիկ Լեյլոյանը պատասխանում է միջազգային հարթակներում գործընկերների հետ շփման տեսանկյունից։ «Ես շատ եմ շփվում օտար ազգի երաժիշտների հետ, երբեք նման թեմա չի ծագել, իմ կողքին տարբեր ազգերի՝ արաբական երկրների, Թուրքիայի, Պարսկաստանի քանոնահարներ են եղել, որոնք ոչ մի անգամ նման խնդիր չեն շոշափել։
Երբ ես ներկայացնում եմ հայկական քանոնը, իրենցհ ետաքրքրել է միայն մեր ազգային գործիքը։ Եվ խոսքը ոչ թե հայկական նվագացանկի մասին է, այլ կատարման ձևի և հնչողության։ Ինչու՞ նվագեմ իրենց նման քառորդ տոները օգտագործելով` «նվնվոց» ձայնով, որը մեր լադային մտածողությունից դուրս է, իրենք դա անում են ինձանից լավ։ Մերը տարբերվում է լադային հնչողության կատարման ձևով, և պետք է պահպանել ու ճաշակով մատուցել մեր ունեցածը», - ասում է Լայլոյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սարասատեն, Լիստը, Սեն-Սանսը, Շոպենն ու Պագանինին չէին կարող ենթադրել, որ մի օր կհնչեն հայկական քանոնի մեկնաբանությամբ։ Քանոնահարուհու նորարարության և յուրահատուկ մտածողության շնորհիվ իր կատարած դասական ստեղծագործությունների փոխադրումներն ու մշակումները համալրել են քանոնի համար ստեղծագործությունների նվագացանկը։
Հարցին, թե հարևան երկրների հետ ավելի սերտ համագործակցության դեպքում արդյոք մեր ազգային երաժշտությանը չի՞ սպառնա օտարի հետ ձուլվելը, արվեստագետն ասում է. «Կխառնվի, թե ոչ, ամբողջությամբ կախված է մեզանից։ Եթե մենք սիրում ենք մեր ազգն ու ազգային արվեստը, ուրեմն պետք է կարողանանք մաքուր պահել ազգային դիմագիծը, որպեսզի դրսում կարողանանք հայ ներկայանալ և ներկայացնել մեր արվեստը։ Իսկ եթե դա տեղի ունենա, դա էլ է դավաճանություն կոչվում»։