ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զորքերը ԴԺՀ-ում ականապատել են ռադիոակտիվ ու քիմիական թափոնների պահեստարանները։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունը ռադիացիոն վտանգավոր օբյեկտում հերթական սադրանքն է նախապատրաստել` ռուսական ստորաբաժանումներին ռադիոակտիվ վարակման սպառնալիք ստեղծելու մեջ մեղադրելու համար:
«ԴԺՀ-ի Կոնստանտինովկայում ուկրաինացի ազգայնականները ականապատել են կապարի արտադրության մետաղագործական ձեռնարկության ռադիոակտիվ ու քիմիական թափոնների պահեստարանները, որոնք պատրաստվում են պայթեցնել քաղաքից նահանջելիս», - ասել է Միզինցևը:
Գեներալը նաև հայտնել է, որ Ուկրաինայի Սումիի մարզում տարածքային պաշտպանության գրոհայինները բացահայտում են այն քաղաքացիներին, որոնք ռուսամետ հայացքներ են արտահայտում, ֆիզիկական բռնություն են կիրառում նրանց նկատմամբ, տանում անհայտ ուղղությամբ:
«Այդ մարդկանց ճակատագրերի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ», - ասել է Միզինցևը:
Գեներալի տվյալներով՝ Ռուսաստանը մարտի 2-ից Դոնբասի ժողովրդական հանրապետություններին և Ուկրաինային 46,5 հազար տոննա մարդասիրական օգնություն է մատակարարել: Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում անցկացվել է հինգ հումանիտար ակցիա, խաղաղ բնակչությանը 339 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել:
Միզինցևը հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից ու Դոնբասի հանրապետություններից Ռուսաստան է տարհանվել 22 463 մարդ, այդ թվում ՝ 3 959 երեխա:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության ընթացքում տարհանվել է 2 768 758 մարդ, որոնցից 439 880-ը երեխաներ են», - ասել է նա:
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ի և ԱԻՆ-ի ականազերծման ջոկատները Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ստուգել են 4 952,61 հա տարածք, վնասազերծել են 111 229 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 149-րդ օրը։