Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Իսրայելի գործողությունները

Սիրիա. Արխիվային լուսանկար
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձանին, ինչի հետևանքով զոհվել է երեք սիրիացի զինծառայող, ևս յոթը վիրավորվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Սիրիան նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և գլխավոր քարտուղարին` պահանջելով դատապարտել Դամասկոսի արվարձանին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածները։ Այս մասին հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին։
Հուլիսի 22-ի գիշերը Իսրայելը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձանին Գոլանի գրավյալ բարձունքներից, ինչի հետեւանքով զոհվել են սիրիացի երեք զինծառայողներ, ևս յոթը վիրավորվել են:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իսրայելի ագրեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ միջոց չկիրառելը, ինչպես նաև նման գործողությունների դատապարտման բացակայությունը վկայում են Անվտանգության խորհրդի անգործության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Դամասկոսն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում այն միջոցներով, որոնք անհրաժեշտ կհամարի միջազգային իրավունքի շրջանակում: