Շոյգուն մեկնել է Թուրքիա, որտեղ հացահատիկի հարցով փաստաթուղթ պետք է ստորագրվի. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խնդրել է առաջ չընկնել ու սպասել հանդիպման արդյունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Թուրքիա, որտեղ այսօր նախատեսվում է ցորենի հարցի վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, կարող ենք հաստատել, որ պաշտպանության նախարար Շոյգուն մեկնել է Թուրքիա։ Կարող ենք հաստատել, որ այսօր նախատեսվում է համաձայնագրի ստորագրում։ Բայց եկե՛ք սպասենք։ Առայժմ առաջ չենք ընկնի»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ ցորենի հարցով փաստաթուղթը կստորագրվի Ստամբուլում այսօր ժամը 16.30-ին։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։