ՌԴ նախարարների կաբինետն ընդլայնել է ոչ բարեկամական երկրների ցանկը` ներառելով 5 պետություն

ՌԴ կառավարության շենքը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հաստատել է նաև ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամական պետությունների ցանկը` ներառելով դրանում Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։ Այս մասին նշված է ՌԴ նախարարների կաբինետի Telegram-ի պաշտոնական ալիքում։

«Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան ներառվել են ՌԴ-ի ու, մասնավորապես, արտերկրում գտնվող նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 2021 թվականի մայիսին սահմանափակումներ էին կիրառվել ԱՄՆ-ի և Չեխիայի դիվանագիտական առաքելությունների նկատմամբ։
Մարտ ամսին ՌԴ կառավարությունը հաստատել է նաև ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների և տարածքների ցանկը։
Ցանկում ներառվել է 48 պետություն և տարածք` Ավստրալիա, Ալբանիա, Անդորրա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեայի Հանրապետություն, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա: ԵՄ-ի կազմում են՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան և Էստոնիան։