Նոր գործարաններ կառուցողները ներդրումների դիմաց ենթակառուցվածք կստանան. Քերոբյան

Արտադրական նոր օբյեկտներ կառուցելու ցանկություն ունեցողները պետությունից կստանան անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ավելի վաղ Հայաստանում ներդրողներին նման աջակցություն չէր ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսիSputnik. Նոր գործարաններ կառուցելու ցանկություն ունեցող արտադրական ոլորտի ներդրողները պետությունից աջակցման նոր սխեմա կստանան` ենթակառուցվածք ներդրումների դիմաց։ Այս մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը հավելել է, որ նախագիծն արդեն քննարկվում է միջգերատեսչական մակարդակով և կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում պետք է ներկայացվի և ընդունվի։

«Միջգերատեսչական մակարդակով նախագծի վերաբերյալ, կարելի է ասել, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, և առաջիկայում մենք կներկայացնենք դրա մանրամասները, այսինքն` ինչ պայմաններով և ինչ ենթակառուցվածք կարող է ստանալ ներդրողը։ Կրկնեմ` խոսքը արտադրական ոլորտի ներդրողների մասին է»,–Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ ներդրումների ներգրավման ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ներդրումները հասցնել ՀՆԱ-ի մինչև 25%-ի, այդ թվում օտարերկրյա ներդրումները` մինչև ՀՆԱ–ի 6%–ի (ներկայիս 1,7%–ի փոխարեն)։
Որքա՞ն ներդրում է արել ՀԿԵ–ն 2022 թվականի առաջին կիսամյակում