Միկա Բադալյանի փաստաբանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել

Միկա Բադալյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը ներկայացրել է դատարան: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Առաջարկել ենք դատարանին նաև վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով»,– նշել է Ալեքսանյանը։
Փաստաբանները հորդորել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին շտապ կերպով մակագրել միջնորդությունը, որպեսզի անհապաղ դատական նիստ հրավիրվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք:
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է 20 օրով: