Միկա Բադալյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ. Բաբայան

Միկա Բադալյանը բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Միքայել Բադալյանի պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք: Տեղեկությունն իր տելեգրամյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Միկա Բադալյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել։
«Միքայել Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց: Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում: Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել»,–գրել է Բաբայանը։
Նրա խոսքով` բլոգերի մոտ արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է:
Բաբայանը նաև տեսանյութ է հրապարակել` ասելով, որ Բադալյանին հիվանդասենյակ են տեղափոխել։
Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ «Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է 20 օրով: