ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը զսպվածության կոչ է արել Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարից խուսափելու համար

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին վերջին հաղորդագրությունները վկայում են, որ իրավիճակն այնտեղ գնալով ավելի մտահոգիչ է դառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ԱԷԿ-ում ցանկացած վթարից խուսափելու համար: Այս մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հուլիսի 18-ին ուկրաինական զորքերի անօդաչուների հարձակման ժամանակ ԶԱԷԿ-ի 11 աշխատակիցներ են վիրավորվել: Հուլիսի 20-ին ուկրաինական «կամիկաձե» ԱԹՍ-ները կրկին հարձակման են ենթարկել կայանի տարածքը, հրդեհ է բռնկվել վարչական շենքում, ռեակտորային մասը չի տուժել:
Գրոսսի խոսքով ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին վերջին հաղորդագրությունները վկայում են, որ այնտեղ իրավիճակն ավելի ու ավելի է տագնապալի դառնում:
«Այդ հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, ինչպես նաև ընդգծում են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կարևորությունը: Ես շարունակում եմ վճռական ջանքեր գործադրել, որպեսզի հնարավորինս արագ համաձայնեցնեմ և ղեկավարեմ ԱԷԿ-ի անվտանգության, և երաշխիքների հարցերով առաքելությունը: Դա խիստ անհրաժեշտ է», - ասել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Քանի որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները դեռևս չեն կարողացել այցելել ԶԱԷԿ, գործակալությունն ի վիճակի չէ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել դրա վրա տեղի ունեցած պատահարների մասին հաղորդագրությունները, սակայն լուրջ է վերաբերվում դրանց:
«Չափազանց կարեւոր է, որ որևէ գործողություն չձեռնարկվի, որը կարող է վտանգել այդ կայանի անվտանգությունը»,-նշել է Գրոսսին:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին ՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։
ԶԱԷԿ-ը մարտից գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանի պահպանության վերահսկումը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու միջոց է: Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ կայանը ներկայում կառավարվում է ուկրաինական օպերատորի կողմից: