ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։
Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Հատկանշական է, որ Պյոտր Չայկովսկու ստեղծագործության հետ ներկայացնելու ենք նաև հայ մեծ կոմպոզիտորների գործերը՝ այդպիսով ամրապնդելով 2 երկրների բազմադարյա մշակութային բարեկամությունն ու նպաստելով Հայաստանից դուրս հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը»,- ասել է Արզումանյանը։
Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ելենա Տարոսյանը։
Նշենք, որ «Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու երկրորդ անգամ։