Իրան-Հայաստան ճանապարհը պետք է անխափան գործի. Թեհրանի ժամանակավոր իմամ

Հայ–իրանական սահման
Թեհրանի ժամանակավոր իմամ Աբու Թերաբիֆարդը շեշտել է, որ Իրանը շատ զգայուն է տարածաշրջանային փոփոխությունների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ ճանապարհը պետք է անխափան գործի։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Թեհրանի ժամանակավոր Իմամ Աբու Թերաբիֆարդն այս հայտարարությունն արել է ուրբաթօրյա քարոզի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը մի քանի սկզբունքային հարցերի է անդրադարձել, և նշվել է, որ Իրանի և Թուրքիայի միջև սահմանը կարևոր է Թեհրանի համար։ Այդ պատճառով Թեհրանը Թուրքիայի անվտանգությունը որպես սեփական անվտանգության մաս է դիտարկում։
Բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել Սիրիայի և Թուրքիայի սահմանին տիրող իրավիճակին։
Հաջորդը կետը, որ ընդգծվել է Խամենեիի և Էրդողանի հանդիպման ժամանակ, Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցության երթուղին է։
Քարոզի ժամանակ Թեհրանի ժամանակավոր իմամը, վերապատմելով հիշյալ բանակցությունների հիմնական թեմաները, ընդգծել է, որ Իրանը շատ զգայուն է տարածաշրջանային փոփոխությունների հարցում:
«Այդ ճանապարհը հազար տարեկան է և տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության, խաղաղության և հեղինակության գործոններից մեկը, և այն պետք է անխափան գործի»,- ասել է Թերաբիֆարդը։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը հակազդելու է Թուրքիայի և Ադրբեջանի՝ Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականությանը։ Միաժամանակ Խամենեին գոհունակություն էր հայտնել «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու» կապակցությամբ։