ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսում գտնվող Զախո քաղաքի գնդակոծումը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրաքին ու իրաքցի ժողովրդին` Զախո քաղաքում խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող բռնությունները և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,– նշել է Հունանյանը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին Իրաքյան Քրդստանի Դահուկ նահանգի Զախո քաղաքում։ Թուրքական հրետանին գնդակոծել է զբոսաշրջային օբյեկտը, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 23-ը վիրավորվել է:
Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։