ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հարբած վարորդը Երևանում գլխով հարվածել է պարեկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022թ. հուլիսի 21-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները Հ. Հակոբյան փողոցում նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ:
Պարեկները կանգնեցնեցրել են մեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը և ստուգել վերջինիս սթափության աստիճանը։ Արդյունքում պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ինչից հետո ոստիկանները որոշել են համապատասխան ակտ կազմել:
«Վարորդը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել, հայհոյել է ոստիկաններին, սպառնացել, որի ընթացքում գլխով հարվածել է ոստիկաններից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ճանապարհին ոտքով հարվածել ու վնասել է պարեկային ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, որը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե: ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վնասվածք ստացած ոստիկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ վարորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննության է ենթարկվել պարեկային ավտոմեքենան, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: