Անդրանիկ Փիլոյանին նոր մեղադրանքներ կառաջադրվեն. «Ժողովուրդ»

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան. Արխիվային լուսանկար
Հակակոռուպցիոն կոմիտեն մինչև օգոստոսի վերջ նախաքննության ավարտ կհայտարարի Փիլոյանի դեմ հարուցված քրգործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին նախաքննական մարմինը նոր մեղադրանք կառաջադրի, գրում է «Ժողովուրդը»։
Թերթի տեղեկություններով` հակակոռուպցիոն կոմիտեն մինչև օգոստոսի վերջ կհայտարարի Փիլոյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտի մասին։
«Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը նոր մեղադրանքներ է առաջադրել Փիլոյանին, ասել է թե` նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է, և սրանով իրավապահ համակարգը ծանրացրել է նախկին նախարարին առաջադրված մեղադրանքը»,- գրում է «Ժողովուրդը»։
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից։ Նա, սակայն, նշել է, որ որևէ բան չի կարող ասել մինչև չխոսի Փիլոյանի հետ։
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվել է. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Մայիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվել է պաշտոնից, ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվել է Արմեն Փամբուխչյանը։