«Վեոլիա ջրից» պարզաբանում եմ պահանջել. ՄԻՊ–ը բարձրաձայնել է Սյունիքում ջրի խնդրի մասին

Նշվում է, որ դեռ 2021 թվականին ՄԻՊ–ին «Վեոլիա ջրից» հայտնել էին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի մարզում խմելու ջրի մատակարարման խնդրի և դրանք կարգավորելու վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Մեր դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Հարկ է նկատել, որ Սյունիքի մարզի նշված բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խնդիրը պաշտպանի հաստատությունն արձանագրվել է դեռևս 2021 թվականի օգոստոսին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ից ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։
Ընկերությունից ՄԻՊ–ին նաև հայտնել էին, որ աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից և կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քաղցրաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։
Հաշվի առնելով, որ խնդիրը զանգվածային է և կրում է շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ Գորիսի համայնքապետարանը հայտնել էր, որ և՛ քաղաքը և սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են ու մեղադրել էր «Վեոլիա ջուր» ընկերությանը։ ՓԲԸ–ն էլ Sputnik Արմենիային խոստացել էր, որ Գորիսի տեղամասից կճշտեն խնդրի պատճառն ու մանրամասների մասին կտեղեկացնեն, սակայն դեռ արձագանք չկա։