ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, որը վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացման մեջ կանցկացնի առնվազն 5 օր։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող Աշիշ Ջան։
«ԱՄՆ-ի նախագահը կմեկուսանա առնվազն 5 օրով, ապա կվերադառնա նորմալ աշխատանքի, երբ թեստի պատասխանը բացասական լինի», - ասել է Ջան։
Նրա խոսքով՝ Բայդենը բուժող բժշկի նշանակած «Պակսլովիդի» ընդունման ժամանակ կդադարի ընդունել մյուս երկու դեղամիջոցները։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ տեղեկությունների` ԱՄՆ նախագահը թեթև ախտանշաններ ունի` մրսածություն, հազ, թուլություն:
Սպիտակ տանը չգիտեն` որտեղ է վարակվել Բայդենը, իսկ հիվանդության մանրէահիմքի վերաբերյալ մանրամասներ կհրապարակվեն մեկ շաբաթվա ընթացքում: