Սբերբանկը և «Գիշերային գայլեր» մոտոակումբը ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Պատժամիջոցների ցուցակում, Ժոզեպ Բորելի խոսքով, ընդգրկված են նաև ռուս զինվորական պաշտոնյաներ և դերասաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական խոշոր բանկը՝ Սբերբանկը և «Գիշերային գայլեր» մոտոակումբը ներառվել են Եվրամիության պատժամիջոցների ցուցակում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք պատժամիջոցների ցուցակում ներառում ենք ռուսական ևս մեկ խոշոր բանկ՝ Սբերբանկը, և նոր անձանց ենք ավելացնում»,-գրել է նա:
Բորելը հստակեցրել է, որ ցուցակում ընդգրկված են նաև զինվորական պաշտոնյաներ և դերասաններ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։