ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ում կայացրած որոշմամբ մայիսին կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, հեռացել է Դատավորների միությունից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
«Դատավոր Ալեքսանյանն այսօր ցերեկը դիմում է ներկայացրել Դատավորների միության նախագահին՝ իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Նման որոշման համար նա ոչ մի պատճառ չի նշել», - հայտնել է Առաքելյանը։
Նրա խոսքով՝ միությանն անդամակցելն ու անդամակցությունը դադարեցնելը կամավոր հիմունքներով են։ Հարցին, թե որքանով է որոշումը կապված Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան հետ, Առաքելյանը չպատասխանեց։ Նշեց, որ դա իր իրավասության մեջ չէ:
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում։
Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել։