ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 2016-ի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակից գործազուրկ անձանց համար մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր կգործի. կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ` առաջինը վերաբերում է մինչև 5 ամիս շահառուի մասնագիտական ուսուցմանը, որը պետք է տեղի ունենա կամ գործատուի մոտ, կամ շահառու մոտ ընտրված ուսումնական հաստատությունում։ Պատերազմի մասնակիցներին կառաջարկվի նաև գործատուի մոտ 3 ամիս տևողությամբ փորձաշրջան անցնել, ինչպես նաև եթե գործատուն աշխատանքային պայմանագիր կնքի, ապա միանվագ փոխհատուցում կստանա։
«Ծրագրով առաջարկվում է նաև ուսուցման ընթացքում շահառուին վճարել յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամ, ինչպես նաև նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ։ Իսկ մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Այդ ժամանակ գործատուին ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով գումար կտրամադրվի` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցվճարը փոխհատուցելու համար»,–ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ Մկրտչյանի, գործատուին 300 000 դրամ փոխհատուցում կտրամադրվի, եթե նա 1 տարի ժամկետով պայմանագիր կնքի շահառուի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ շփումների ընթացում արձանագրել են` պատերազմի մասնակիցներն աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ են ունենում, և մասնագիտական որոշակի հմտություններ ձեռքբերելու կարիք կա։