Փաշինյանը Բելգիայի վարչապետին հրավիրել է Հայաստան

Բելգիայի խորհրդարանի շենքը
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին շնորհավորել է Բելգիայի Ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան` Ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Շնորհավորական ուղերձում էլ նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում`Հայաստան—ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։
Փաշինյանը Դե Կռուին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ երկրին` հետագա բարգավաճում և առաջընթաց։