ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակում «թելերի կծիկ» է գտել

Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա
Արդեն առաջին անգամը չէ, որ մարսագնացը հանդիպում է նյութերի, որոնք հենց ինքն է թողել մոլորակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Մարսի վրա թելերի փնջի նման օբյեկտ է հայտնաբերել, հաղորդում է ամերիկյան տիեզերական գերատեսչության կայքը:
Նշվում է, որ լուսանկարն արվել է հուլիսի 12-ին։ CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ որոշ մարդիկ համարել են, որ Կարմիր մոլորակի վրա ավազի վրա հայտնաբերված օբյեկտը սպագետտիի է նման։

Մինչդեռ տիեզերական գործակալությունում կարծում են, որ լուսանկարում պատկերված նյութը մնացել է Մարսի վրա Perseverance-ի վայրէջքից հետո, նշում է հեռուստաալիքը: Perseverance առաքելության ներկայացուցչի խոսքով՝ մարսագնացը նախկինում չի եղել այն շրջանում, որտեղ հայտնաբերվել է կծիկը, ուստի հավանական է, որ այն քամին է բերել այնտեղ:

Ընդգծվում է, որ առաջին անգամը չէ, որ մարսագնացը հանդիպում է նյութերի, որոնք հենց ինքն է թողել այդ մոլորակում: Այս տարվա հունիսին Perseverance տեսախցիկները Մարսի վրա ֆիքսել էին ջերմամեկուսացման ծածկույթի մի հատված, որը, մասնագետների կարծիքով, մոլորակում մնացել է մարսագնացի վայրէջքի ժամանակ:
Mars 2020 առաքելությունը՝ Perseverance ռովերով, Երկրից մեկնարկել է 2020 թվականի հուլիսին, 2021 թվականի փետրվարին մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել: NASA-ի պատմության հինգերորդ մարսագնացը հագեցած է յոթ գիտական գործիքներով՝ Կարմիր մոլորակի կառուցվածքը ուսումնասիրելու համար: