ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ Ազգային անվտանգության ծառայության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է ավելի խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգը։
Կառավարության նիստից հետո այս մասին ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նշենք, որ դեռ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն հանդես է եկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր պայման սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակվելու պահանջը:
«Այս փոփոխությունները հայրենադարձության վրա չեն ազդի, քանի որ, եթե վերջին 2 տարում 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են անցկացնել այդ օրերն այստեղ ու նոր դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այլ հարց է, որ Հայաստան-սփյուռք փոփոխությունների մասով սա դրական փոփոխություն չէ, ու այդ պատճառով մեր գերատեսչությունը կողմ չէ։ Մենք հայտնել ենք մեր դիրքորոշման մասին»,- նշեց Սինանյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել է, որ նման նախագիծ են առաջարկել, քանի որ պարզել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերը Հայաստանում գույք չեն գնել, տնտեսական գործունեություն չեն ծավալել, նույնիսկ Հայաստան չեն այցելել: Եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ստանալու համար։