Կստուգվի ոչ միայն նոր, այլ նաև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Փաշինյանը նշում է, թե միջազգային գործընկերների արձանագրմամբ` Հայաստանը դատական համակարգում բարեփոխումների էական առաջընթաց ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ կստուգվի ոչ միայն դատական համակարգ նոր մուտք գործող անձանց, այլ նաև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությանը:

«Քաղաքական մակարդակում բարեվարքության ստուգման որոշումն արդեն իսկ ընդունված է։ Այսինքն, մենք` որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեզ վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա իշխանության մյուս մարմինների վրա ենք այն կիրառելու»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրենց քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել։ Սակայն մի շարք ուղղություններով` այդ թվում նաև անկախ դատական համակարգով, Հայաստանն Արևելյան գործընկերությունում առաջատար է։
Փաշինյանը պնդում է, որ միջազգային գործընկերների արձանագրմամբ` Հայաստանը դատական համակարգում բարեփոխումների էական առաջընթաց ունի։
Վարչապետի գնահատմամբ` դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը որակյալ է ստացվել։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է ռազմավարության էական դրույթները, որոնցից են արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ներդրումը, թվայնացումը և այլն։