ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը հրաժարական է տվել, ցուցմունք տալու համար կկանչեն արտոնությունների կոմիտե՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթների գործով հետաքննությունը շարունակելու շրջանակներում: Այս մասին ասված է կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում։
«Կոմիտեն կընդունի պարոն Ջոնսոնի բանավոր ցուցմունքները...Կոմիտեն նաև հաստատել է, որ նա բանավոր կամ գրավոր ցուցմունքներ կընդունի այն մարդկանցից, որոնք չեն ցանկանում նշել իրենց անունը»,-ասված է փաստաթղթում:
Կոմիտեն Ջոնսոնին խնդրել է մինչև օգոստոսի 15-ը գործի վերաբերյալ նյութերի լայն փաթեթ տրամադրել, մասնավորապես՝ ութ տարբեր օրերի պաշտոնական ձայնագրությունները, երբ նա, իբր, խախտել է հակաքովիդային սահմանափակումները, ինչպես նաև լուսանկարներ, էլեկտրոնային նամակներ, հրավերներ և կառավարության անդամների աշխատանքից ազատման դիմումները:
Բացի այդ, Ջոնսոնը պետք է տրամադրի ձայնագրություններ Դաունինգ սթրիթում գտնվող պաշտոնական նստավայր այցելության մասին, 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ճեպազրույցների վերաբերյալ նյութերի հավաքածու, միջոցառումներին ներկա գտնվող բոլոր անձանց մասին գրառումներ, ինչպես նաև կառավարության անդամների հիվանդությունների մասին տվյալներ:
Ջոնսոնը քննադատության ալիքի և իր պաշտոնը կորցնելու վտանգի տակ էր հայտնվել կորոնավիրուսի լոքդաունի ժամանակ Դաունինգ սթրիթի կառավարական նստավայրում երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով: Իրավիճակը սրվեց, երբ պարզվեց, որ ևս երկու երեկույթ է տեղի ունեցել 2021 թվականի ապրիլի 16-ին՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության նախօրեին, երբ Միացյալ Թագավորությունում դեռևս գործում էին սահմանափակումները և ազգային սուգ էր հայտարարված: Ավելի ուշ Ջոնսոնը ներողություն խնդրեց և հայտարարեց, որ վճարել է մայրաքաղաքի ոստիկանության սահմանած տուգանքը։