ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային է փոխանցել իր հրաժարականի դիմումը, որը «ի գիտություն է ընդունվել»:
Ավելի վաղ Դրագին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել էր, որ մտադիր է պետության ղեկավարին տեղեկացնել հրաժարականի իր մտադրության մասին: Կեսօրին նա կրկին պատգամավորներին կհանդիպի պալատի դահլիճում, որտեղ կավարտի հրաժարականի ձևակերպման պաշտոնական մասը։
Անցյալ շաբաթ Դրագին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ մեծամասնություն այլևս գոյության չունի, քանի որ Իտալիայի խորհրդարանական առաջատար ուժերից մեկը՝ «5 աստղերի շարժումը», չմասնակցեց Սենատում կառավարության վստահության հարցով քվեարկությանը:
Այդ ժամանակ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան չընդունեց Դրագիի հրաժարականը՝ առաջարկելով նրան ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին տեղեկացնել խորհրդարանին։
Իտալական թերթերի մեծ մասը այսօր հայտնել է, որ նախագահ Մատարելլան մտադիր չէ խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական կուսակցությունների հետ քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ և պատրաստվում է լուծարել երկու պալատները, ապա արտահերթ ընտրություն նշանակել, որը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 2-ին: