Լուրը, թե Երևանում պահպանված գրախանութներից ամենահինը՝ «Լույս»-ը, սրճարանի է վերածվելու, մեղմ ասած` զարմացնող էր։ Հատկապես նրանց համար, ովքեր մշտապես այցելում էին գրախանութ և նույնիսկ այնտեղ էին ուղեկցում արտերկրից ժամանած հյուրերին։
«Լույս» գրախանութի ինտերիերը
© Photo : provided by Arminé Snkhchyan
Սոցցանցերի հայ օգտատերերը չեն դադարում բանավիճել այդ թեմայով․ մեկն ափսոսում է, որ բուկինիստական խանութը փակվեց, մյուսը ողջունում է նոր նախագիծը։
Ամեն դեպքում` բուռն բանավեճերը պատահական չեն։ Խանութի ինտերիերը նախորդ հարյուրամյակում ստեղծել է կարմրափայտի հայտնի վարպետ Հովհաննես Նաղաշյանը (կահույքի հայկական «նաղաշյանական» կոչվող ոճի հիմնադիրը)։
Ի դեպ, Մատենադարանի դռները, Երևանի հանրային գրադարանի, որոշ բուհերի և պետական կառույցների կահույքը նույնպես Նաղաշյանն է պատրաստել։ Մաշտոցի 45 հասցեում գտնվող անկյան պատերը, առաստաղն ու կահույքը վարպետը զարդարել է հարուստ նկարազարդումներով, իսկ քիվերը՝ փայտե քանդականախշերով։ Մի խոսքով՝ այդ տարածքի ինտերիերի դիզայնը բացարձակ եզակի է և իր ստեղծման օրից՝ գրեթե ութ տասնամյակ շարունակ, որևէ փոփոխության չի ենթարկվել։
Ինչպես է ամեն ինչ սկսվել
Մաշտոցի 45 հասցեում, պարզվում է, ոչ միշտ են գրքեր վաճառվել։ Ի սկզբանե՝ նախորդ դարի 40-ականներին, այնտեղ ծխախոտային արտադրանքի խանութ է եղել։ Տարիներ անց այն վերափոխվել է երաժշտական խանութի, որտեղ նոտաներ և երաժշտական գրականություն էին վաճառում։
Որպես գրախանութ այն սկսել է գործել 90-ականներից, երբ տարածքը ձեռք է բերել Անդրանիկ Շողունցը։ Եվ 30 տարի շարունակ այնտեղ կարելի էր գտնել բուկինիստական և գեղարվեստական գրականություն, հուշանվերներ, կտավներ ու բացիկներ։
«Լույս» գրախանութի ինտերիերը
© Photo : provided by Arminé Snkhchyan
Աղմկոտ, ավտոմեքենաներով գերբեռնված պողոտայից «Լույս» գրախանութ մտնելիս այցելուներին թվում էր, թե մեկ այլ իրականություն են ընկել, Հարրի Փոթերի «Հոգվորթս»-ի նման մի տեղ։ Եվ հաշվի առնելով, որ գրախանութը գոյություն է ունեցել տասնամյակներ շարունակ, մարդկանց արձագանքը դրա վերապրոֆիլավորմանը զարմանալի չէ։
Հակառակ կողմը
Սակայն որքան էլ բացառիկ մթնոլորտ տիրեր գրախանութում, դրա ինտերիերն, ըստ էության, խունանում էր։ Բացի այդ, որպես բիզնես նախագիծ` «Լույսն» իրեն չէր արդարացնում։ Արդյունքում տերը որոշել էր փակել այն (գրախանութն այս տարվա սկզբից ի վեր չէր գործում) և վարձակալության հանձնել։
«Լույս» գրախանութը
© Sputnik / Asatur Yesayants
Արթուրը մեզ պատմեց, որ ապագա սրճարանում գրքերի անկյուն է գործելու։ Հիմնականում մշակույթի թեմայով գրքեր են լինելու․ լուսանկարների ալբոմներ, գեղանկարչության հավաքածուներ և այլն։ Նա չի բացառում, որ հետագայում գրքերի թեմաները կարող են ընդլայնվել։
Ընդ որում, խանութի երկու հնաոճ պահարանները նա արդեն փոխանցել է Պատմության թանգարանին։
Վերականգնման մասին
Պատմական անկյան վերականգնմամբ զբաղվելու է ճարտարապետ Արմինե Սնխչյանը, որը ժամանակին «Լույս» գրախանութի մշտական հաճախորդներից է եղել և այնտեղից մեծ թվով գրքեր է ձեռք բերել։
«Չնայած այս տեղի նկատմամբ իմ ամբողջ սիրուն, պետք է ասել, որ դրա մասին ինչպես հարկն է` հոգ չէին տանում։ Շատ հատվածներում որմնանկարները վնասվել են լույսի ազդեցությունից։ Ավելին, հենց կահույքի զարդանկարների վրա բուկլետներ ու պաստառներ էին փակցնում, և մեզ համար հիմա դա մեծ խնդիր է, քանի որ գրեթե անհնար է մաքրել այդ սոսինձը, իսկ մենք, բնականաբար, այն չենք քերի նկարների հետ միասին»,- ասում է ճարտարապետը։
Արմինեի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը առավելագույնս խնամքով վերականգնումն է։
«Կվերականգնենք այն, ինչը վերականգնման ենթակա է (օրինակ՝ կահույքի պակաս մասերը, սեղանների դարակները և այլն), բայց ոչինչ չենք փոխի և մեզնից չենք ավելացնի։ Գլխավորը մեզ հասած եզակի ինտերիերը պահպանելն է»,- ասում է նա։
«Լույս» գրախանութի ինտերիերը
© Photo : provided by Arminé Snkhchyan
Իհարկե, սրճարանում հյուրերի համար ավելի շատ սեղաններ և աթոռներ կհայտնվեն, բայց դրանք միանգամայն այլ ոճի կլինեն։ Ճարտարապետը հասկանում է, որ ոմանց դա դուր կգա, մյուսներին դուր չի գա, սակայն նրա խոսքով` ոչ մի «հնի իմիտացիա» չի լինելու։
Մասնագետն ընդգծում է, որ իր թիմն իր առջև որմնանկարներն ու զարդանկարները վերականգնելու խնդիր չի դնում․ Հայաստանում դա անելու համար ո՛չ համապատասխան նյութեր կան, ո՛չ էլ համապատասխան մասնագետներ։
Հուզող հարցեր
Օգտատերերին ամենաանհանգստացնող հարցերից մեկն այն է, թե արդյոք որմնանկարները չե՞ն փչանա տաք ուտելիքներից և ըմպելիքներից բարձրացող գոլորշուց։
Արմինեն նշում է, որ խանութն օժանդակ տարածք ունի, որը որպես խոհանոց է ծառայելու։ Ամեն ինչ հենց այնտեղ է պատրաստվելու, հիմնական տարածքում միայն սուրճ են եփելու։
Իսկ գրքերի հետ ի՞նչ է լինելու
«Լույս» գրախանութի գրքերի ճակատագրի մասին մենք հետաքրքրվեցինք Կարեն Գասպարյանից, որը գրախանութի բացումից ի վեր վաճառող էր աշխատում այնտեղ։ Նա հավաստիացրեց, որ գրքերը խնամքով պահվում են։
Այն հարցին, թե արդյոք գրավաճառը մտադի՞ր է որևէ այլ տեղում գրախանութ բացել, պատասխանեց․ «Հնարավոր է»։
Մնում է հուսալ, որ մասնագետները խանութին նոր կյանք կտան և միաժամանակ չեն ձևափոխի նրա նախնական դիմագիծը։
«Լույս» գրախանութը
© Sputnik / Asatur Yesayants