ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հունիսին Հնդկաստան են այցելել, որտեղ քննարկել են Հայաստան սպառազինություն մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «The Sentinel» հնդկական պարբերականը` նշելով, որ հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։
Թե կոնկրետ ինչ սպառազինության տեսակներ են եղել ցանկում, պարբերականը չի նշում, սակայն գրում է, որ հատուկ տեղ են գրավել անօդաչուները։ Հոդվածագրի խոսքով` Հայաստանն առաջին անգամ չէ, որ հետաքրքրություն է դրսևորում հնդկական զինտեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին Երևանը 40 մլն դոլարի գործարք է կնքել «Swathi» հակամարտկոցային 4 ռադարների մատակարարման համար. դրանից հետո Հայաստանի ռազմական կարիքներն աճել են երկրաչափական պրոգրեսիայով։
Ավելին` ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկն անանուն մնալու պայմանով ասել է պարբերականին, որ 44-օրյա պատերազմը Հայաստանին ստիպել է վերաիմաստավորել իր ռազմական կարիքները։
Հոդվածում ասվում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը քաղաքակրթական, պատմական կապեր ունեն, որոնք նոր շունչ են ստացել 2019 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳՎ-ի նստաշրջանի շրջանակում երկու երկրների վարչապետների հանդիպումից հետո։
«Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է ոչ միայն որպես բարեկամ երկիր, այլև որպես լավ հակակշիռ Թուրքիային, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես բավական մարտական տրամադրվածություն է ունեցել Քաշմիրի հարցում և թշնամական քաղաքականություն է վարել Հնդկաստանի նկատմամբ։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որը սերտորեն կապված է Թուրքիայի և Պակիստանի հետ։ Հայաստանը ռազմավարական տեսանկյունից գտնվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Դա մուլտիմոդալ առևտրային ճանապարհների զգալի մասն է»,- ասվում է հոդվածում։
Հեղինակի կարծիքով` Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, առևտուր ու ներդրումներ անելը կարող են ռազմավարական գործընկերության հիմք դառնալ։ Ավելին` Հնդկաստանը կարող է հզորություններ ստեղծել համատեղ արտադրության համար։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի սերտ հարաբերությունները լրացուցիչ առավելություն են Հնդկաստանի համար։ Հեղինակը չի մանրամասնում, բայց ինչպես հայտնի է, Հնդկաստանը, որը վերջին տարիներին հաջողությունների է հասել սեփական ՌԱՀ-ի զարգացման հարցում, ավանդաբար շարունակում է մնալ ռուսական զենքի և զինտեխնիկայի խոշորագույն ներկրողներից մեկը։