ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայաստանյան աշխատաշուկայի աճի ցուցանիշները՝ դրանք համեմատելով 2021, 2020 և 2019 թվականների հետ։
Ըստ հրապարակված տվյալների՝ հայաստանյան աշխատաշուկան այս տարի նկատելի աճ է գրանցել, աշխատատեղերն ավելացել են ամեն ամիս։ Հունիսին նախորդ ամսվա համեմատ աշխատաշուկան կրկին մեծացել է։
«Ունեցել ենք 681 050 աշխատատեղ, ինչը մոտ 8 000-ով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37 000»,- գրել է նախարարը։
Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ ամենամեծ թվով աշխատատեղերն այս ամիս ոչ առևտրային գործունեություն իրականացնող կառույցներում են եղել՝ 193 331 աշխատատեղ։ Երկրորդ տեղում մանրածախ առևտուրն է՝ 65 977 աշխատատեղ, երրորդ տեղում առողջապահական համակարգն է՝ 38 339 աշխատատեղ։