Թուրքիան փոխում է հայ-թուրքական բանակցություններում իր տակտիկան ու կիրառում փոքր քայլերի դիվանագիտությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը հստակ քայլեր չի անում, Երևանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում։ Այդ հստակ քայլերից են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
«Թուրքիան ձևական ասում է՝ բանակցություններն առանց նախապայմանի պիտի լինեն, բայց իրականում նախապայման է դնում։ Սա թուրքական դիվանագիտության հնարքներն են, նա կարող է ասել մի բան, բայց իր իրական գործողությունները լինեն այլ՝ իր խոսքերին հակասող»,- կարծում է Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը նաև հավանական է համարում, որ Թուրքիան բանակցությունների ժամանակ անմիջականորեն չի նշում այդ հստակ քայլերը, բայց բանակցություններին համընթաց տարբեր պաշտոնյաների մակարդակով նման հայտարարություններ է անում։
Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիան նման քայլի է դիմում, քանի որ Անկարայի համար այս բանակցությունները կարևոր են ոչ թե հարաբերությունները կարգավորելու, այլ իր խնդիրներն ու նպատակները լուծելու տեսակետից։ Անկարան ունի հեռակա ու մոտակա խնդիրներ, որոնք ուզում է լուծել այս բանակցություններով։ Հեռակա նպատակներն, ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելն է ու Կարսի պայմանագրի վերահաստատումը, իսկ մոտական՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն ու «Զանգեզուրի միջանցքը»։
«Նրանք նաև աշխարհին ուզում են ցույց տալ, որ հայերի հետ կարգավորում են հարաբերությունները, ինչն էլ իրենց երկրորդական նպատակն է»,- ասաց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը պնդում է, որ այս պարագայում հայկական կողմը պետք է շատ հստակ իմանա՝ ինչ է ուզում, ինչ չի կարելի զիջել ու պետք է աչալուրջ լինի, որ թուրքական դիվանագիտության խաբկանքներին չտրվի։
«Հայաստանը սխալ կաներ, եթե հրաժարվեր բանակցություններից, որովհետև թուրքական դիվանագիտությունը դա աշխարհով մեկ կթմբկահարեր ու կասեր՝ հայերը կառուցողական չեն, չեն ուզում տարածաշրջանում խաղաղություն, բայց մենք պետք է մեր հստակ տեսլականն ունենանք»,- նշեց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը նշում է, որ թեև Թուրքիան բանակցություններում միայն իր ուզած խնդիրներն է փորձում լուծել, միևնույնն է, հասկանում է, որ հնարավոր չէ երկար բանակցություններ վարել առանց արդյունքի, այլապես Հայաստանը դուրս կգա բանակցություններից։ Դրա համար էր, որ բանակցային գործընթացի առաջին երեք հանդիպմանն, ըստ Սաֆրաստյանի, ոչինչ չարձանագրվեց, որոշ համաձայնություններ եղան չորրորդին միայն։
«Ես համոզված եմ՝ դրանք թուրքական նախաձեռնություն էին, և նրանք այդ երկու փոքր քայլը առաջարկեցին, որ ցույց տան՝ բանակցություններում դինամիկա կա։ Մի կողմից Հայաստանը կշարունակի բանակցություններում լինել, մյուս կողմից` Թուրքիան աշխարհին ցույց կտա, որ փոքր քայլերով առաջ են գնում։ Սա բանակցային գործընթացի երկրորդ փուլն է»,- ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ բանակցությունների տրամաբանական լուծումն այն կլիներ, որ սահմանը փակած և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարված Թուրքիան բացեր սահմանն ու հարաբերություններ հաստատեր, բայց թուրքական կողմը դա չի ուզում ու, ըստ Սաֆրաստյանի, նման քայլի կդիմի միայն, երբ Հայաստանը գնա զիջումների։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ չի կարող ասել, թե թուրքական կողմն ինչ համարձակ քայլերի մասին է խոսում։