ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հսկայական` 12 կգ կշռող գոյացություն են հեռացրել ։ «Ա1+»-ը ներկայացրել է բացառիկ վիրահատության մանրամասները։ 70-ամյա կինը կենտրոն է ընդունվել՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ նրա որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսներին աճը զգալիորեն արագացել է։
«Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ ՀՇ պատկերի, 38*26սմ», - նշված է հոդվածում։
Հեռացված ուռուցքը եղել է 40*30 սմ, կշռել է 12 կգ։
Հիվանդը վիրահատության 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքից պարբերականին հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն։ Առաջինի ժամանակ հաջողվել է պահպանել հիվանդի երիկամը, քանի որ ուռուցքն ավելի փոքր է եղել։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր երիկամը, և այն պահպանել հնարավոր չի եղել։