44-օրյա պատերազմում զոհվածների ևս 50 մասունք վերջերս ուղարկվել է Նիդեռլանդներ. Ավանեսյան

Ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար է փորձաքննության ենթարկել, սակայն դեռևս հնարավոր է դրանց հետ աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ևս 50 մասունք վերջին շրջանում ուղարկվել է Նիդեռլանդներ` փորձաքննության։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` արդեն 1 տարի է, ինչ համագործակցում են Նիդեռլանդներում միջազգային փորձագիտական կենտրոնի հետ, որը տալիս է թե՛ մասնագիտական, թե՛ նյութատեխնիկական, և թե՛ լրացուցիչ մեթոդներով փորձաքննություն իրականացնելու հնարավորություն

«Դատաբժշկական կենտրոնում իրականացվում են կրկնակի և շարունակական փորձաքննություններ։ Ցավոք սրտի` ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր լինում ԴՆԹ անջատել։ Նիդեռլանդների այդ կենտրոն մասունքներն ուղարկվել են, որպեսզի լրացուցիչ փորձաքննություններ իրականացվեն, ու հնարավոր լինի այդ շատ վնասված մասունքներից պատասխաններ ստանալ»,- նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` այս պահին ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար է փորձաքննության ենթարկել, սակայն դեռևս հնարավոր է դրանց հետ աշխատել։
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 14-ին կառավարության նիստում որոշվել է պահուստային ֆոնդից 31 մլն 125 հազար դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների դիմաց վճարելու համար։
44-օրյա պատերազմի զոհերի 50 մասունքներ դեռ չեն նույնականացվել. լրացուցիչ գումար է պետք
Այդ պահի դրությամբ ևս 100 ոսկրային բարդ փորձանմուշ ուղարկվել է Նիդեռլանդներ` ԴՆԹ նույնականացում կատարելու նպատակով։
Վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ-ի անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ 75 000 ԱՄՆ դոլար (31 125 000 ՀՀ դրամ):