ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 4 տարվա ընդմիջումից հետո այս տարվա օգոստոսին Հայաստանում կկայանա Համահայկական կրթական խորհրդաժողովը։ Կառավարությունն այսօր հաստատեց այն ֆինանսավորելու որոշումը։
Կրթական համաժողովներ, որոնք միավորում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մանկավարժներին, անցկացվում է 2004 թվականից, երկու տարին մեկ անգամ: Մասնակիցները փոխանակում են իրենց համայնքներում և երկրներում դասավանդման փորձը, ինչպես նաև ծանոթանում Հայաստանում մշակվող ծրագրերին:
2020թ.-ին խորհրդաժողովը չի անցկացվել: Բացը լրացնելու համար 2020թ. օգոստոսի 22-24-ը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հարթակում կազմակերպվել էր Համահայկական կրթական առցանց աշխատաժողով։
Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալու վերջին տարիներին սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հոգեբանական հիմնախնդիրներին, հեռավար կրթության կազմակերպմանը։
Նախատեսվում է քննարկել այլ երկրներում հայերենը որպես օտար լեզու դասավանդելու, նախադպրոցական և լրացուցիչ կրթության կազմակերպման հարցեր, ներկայացվելու են հայերենի և հայրենագիտության ուսուցման նոր մեթոդները, ստեղծված ուսումնական ծրագրերը, դասագրքերը: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայերենի դասավանդման խնդիրները:
Խորհրդաժողովի շրջանակում տեղի կունենա նաև համահայկական հայագիտական օլիմպիադան, որը ՀՀ-ում անցկացվում է 2003 թ-ից։
Օլիմպիադային մասնակցում են հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները: Միջոցառման առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: