3 մլրդ 107 մլն դրամ. պարեկների համար «Տոյոտա» ընկերությունից մեքենաներ կգնեն

Ոստիկանապետը նշում է, որ բացի «Տոյոտայից», մյուս ընկերությունները հրաժարվել են նշված ժամկետներում մեքենաներ տրամադրել ոստիկանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 4 մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով կառավարությունը 3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա» ընկերության հետ։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնեց` պարեկային ծառայություններ կստեղծվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում: Նա նշեց, որ դեռևս մայիսի 23-ին հայտարարվել էր մրցույթ «Toyota Fortuner» մեքենաների գնման համար, սակայն մասնակիցներ չլինելու պատճառով մրցույթը համարվել է չկայացած։
Դրանից հետո, ըստ ոստիկանապետի, հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով ու քանակով, նախատեսված ժամկետում մեքենաներ կարող է տրամադրել միայն «Տոյոտան»` նախատեսված գումարն ամբողջությամբ տալով։ Մյուս ընկերությունները հրաժարվել են։
Պարեկային ծառայությունն ընդլայնվում է. Փաշինյանին ներկայացվել է իրավիճակը
«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 մեխանիկական փոխանցումատուփով մեքենա` 15 միլիոն 900 հազար դրամով, ինչպես նաև 130 ավտոմատ տուփով մեքենա` 18 միլիոն 400 հազար դրամով»,–ասաց Ղազարյանը:
Նախատեսվում է, որ մեքենաները ոստիկանությանը պետք է մատակարարվեն մինչև նոյեմբերի 15-ը։