ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները հենակետեր են կահավորել, հրետանի, կրակային կետեր, սպառազինության և զինամթերքի պահեստներ տեղակայել ԴԺՀ–ի բուժական հաստատություններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկա քաղաքի թիվ 1 հիվանդանոցում ազգայնականների կողմից հենակետեր են ամրացվել, հարակից տարածքում տեղակայվել է զրահատեխնիկա և հրետանի, բժշկական հաստատության շենքերում նեոնացիստները, անվտանգության ապահովման պատրվակով, պահում են հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին՝ փաստացի նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»», - հայտնել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զալիզնի բնակավայրի պոլիկլինիկայի շենքում «Այդար» ազգայնական գումարտակի զինյալները զորանոցներ և կրակակետեր են կահավորել, դեպի շենք տանող ճանապարհներն ականապատված են, բայց տեղի բնակչությանն այդ մասին դիտավորյալ չեն տեղեկացրել:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորեցկ և Դրուժկովկա բնակավայրերի բուժական պրոֆիլակտորիաների շենքերում տեղակայված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներ, սպառազինության և զինամթերքի պահեստներ, իսկ բժշկական օբյեկտներին հարող տարածքներում տեղակայված է զրահատեխնիկա, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր», - հայտարարել է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ Նիկոլաևում ուկրաինացի զինծառայողները պոլիկլինիկայի շենքում հենակետեր են կահավորել, հաստատության անմիջական հարևանությամբ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են տեղակայել, ընդ որում` մերձակա տների բնակիչների տարհանում չի իրականացվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։